Ո՞նց կարող է Հայաստանը հանդուժել, որ փաստաթղթում կետ մտցվի, որը հետագայում Հայաստանի գլխին կախված վտանգ է լինելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունը տեղյակ է եղել, թե ինքն ինչ փաստաթուղթ է ստորագրում՝ կապված Արցախի Հանրապետությունը լուծարելու հետ:
Դիտարկմանը, որ Սամվել Շահրամանյանն ասել է, որ դա Բաքվի պահանջն է եղել, որ նշվի, որ ԼՂ-ում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ կան, ՔՊ-կան պատգամավորն ասաց. «Շահրամանյանը շատ բան կարող է ասել, ես չեմ ուզում մեկնաբանել, չեմ էլ լսել՝ ինչ է ասել, բայց չի կարող Հայաստանը չի կարող տեղյակ լինել եւ հանդուրժել այն կետը, որը վնաս է Հայաստանին: Խոսքն այն կետի մասին է, որ փաստում է, թե իբր ՀՀ զինված ուժերը ներկա են եղել նաեւ Արցախում»:











