Արցախի իշխանություն կարող է լինել միայն Արցախում, այլ երկրում մեկ այլ տարածքային սուբյեկտի իշխանությունը չի կարող գործել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունը, ՔՊ-ն ճանաչում են Արցախի իշխանություններին:

«Վտարանդի կառավարություն եւ այլն, նման բան չի եղել, նման բան եղել է դարասկզբին, երբ ցարական Ռուսաստանը ամեն մի եվրոպական երկրում մի ցար ուներ»,- ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ այսօր ՀՀ-ում հաստատվել է բռնի տեղահանված 100 հազար արցախցի, և իրենք ամեն ինչ անելու են նրանց սոցիալական, անվտանգային իրավունքներն ապահովելու հարցով. «Ժամանակի ընթացքում քաղաքացիության հարցը կլուծվի»:

Հարցին՝ փակե՞լ եք Արցախի էջը, Արմեն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր արցախցիների հետ վերադարձի, գույքային իրավունքները պահպանվեն։ Մեր քույրերն ու եղբայրներն այնտեղ թողել են մեծ քանակությամբ գույք, տնտեսություն, նրանք իրավունքներ ունեն իրենց գույքի ու տնտեսության նկատմամբ։ Իրենք իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենի երկիրը: Եվ այդ ուղղությամբ միջազգային ասպարեզներում գործընթացներ են տարվելու»։