Արցախի նախկին նախագահների Բաքվում հայտնվելը նշանակում է հանցավոր անգործություն, որը ենթակա է քննության եւ մեղավորների վերհանման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ նախկին նախագահների անվտանգության ապահովումը Արցախի գործող նախագահի իրավասության ներքո է եղել:
Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ նախկին նախագահներին ձերբակալեցին, իսկ գործող նախագահ Սամվել Շահրամանյանին, Սամվել Բաբայանին եւ շատ շատերին հաջողվեց հասնել Հայաստան, Խանումյանը պատասխանեց. «Իմ անունն էլ է եղել այդ ցուցակներում, բայց ինչպես տեսնում եք՝ դուրս ենք եկել եւ ինձ նման շատ մարդիկ՝ պատգամավորներ, նախկին պատգամավորներ, նախարարներ, նախկին նախարարներ, գեներալներ, բրիգադի հրամանատարներ: Ես չգիտեմ՝ ինչո՞վ է պայմանավորված ընտրողական մոտեցումը՝ հաշվի առնելով, որ մի մասին Ստեփանակերտում են ձերբակալել, մի մասին Հակարի կամրջից»:











