Լոռին անասնաբուծության մեծ նախադրյալներ ունի, քանի որ այստեղ մեծ թիվ են կազմում խոտածածկ տարածքները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, հայտարարել է աշխատանքային շրջայցով Լոռիի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա այցի նպատակը, ըստ նախարարի, ստացված բերքի արդյունքներին, գյուղատնտեսական աշխատանքներին, գյուղերում կատարված բարեփոխման աշխատանքներին ծանոթանալն էր: Այսպիսի շրջայցեր կազմակերպվում են Հայստանի բոլոր մարզերում: Նախատեսված օրակարգի համաձայն, նա եղավ նախ Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնի գյուղի ցանքատարածություններում, որտեղ ավարտին էին մոտենում կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները: Հողատարածքների վարձակալ Խաչիկ Ոսկանյանը, Մեծ Պարնի համայնքի գյուղապետ Հրայր Յաղուբյանը գյուղնախարարին ներկայացրեցին համայնքի առաջնային խնդիրները` կապված հակակարկտային կայանների բացակայության, վարող տրակտորների սակավության ու ստացված բերքի իրացման հետ:
Նախարարը խոստացավ առաջիկայում լուծում տալ բոլոր բարձրացված հարցերին: Այնուհետեւ շրջայցը շարունակվեց նաեւ Տաշիրի տարածաշրջանում գտնվող մի քանի մասնավոր ֆերմաներում ու ձեռնարկություններում, այդ թվում` Ռուբեն Հարությունյանին պատկանող կովաբուծական հիմնարկում, նույն սեփականատիրոջ «Դուստր Մելանյա» պանրի արտադրամասում, Պավել Գուսեւին պատկանող ֆերմայում, Լեջան գյուղի գյուղատնտեսական քոլեջում, ներկայացվեցին տեղի խնդիրները եւս:
«Այս տարի արդեն, թեեւ բարձրացել է կաթի մթերման գինը, նախկին 100-120-ի փոխարեն հասնելով նվազագույնը 150 դրամի, բայց այնուամենայնիվ, Լոռիի մարզից ստացված այս տարվա կաթնամթերքի քանակը գերազանցում է սպասված ցուցանիշները»,- ասել է նա: Բացի այդ, Սերգո Կարապետյանը նշեց, որ այս տարի ստացվել է մոտ 10 հզ տոննա հավելյալ կաթնամթերք, ինչպես նաեւ 5-6 հզ տոննա մսամթերք: Լոռու մարզի գյուղացիները հուսով են, որ նախարարի խոստումների գոնե կեսն իրականություն կդառնան:











