«Հյուսիս-Հարավ» ծրագրում դրականն այն է, որ վերջապես որոշ հատվածներում մտանք շինարարության փուլ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մասնավորապես, երկար տարիներ կառուցված էր Արտաշատից Երեւան եւ Երեւանից Աշտարակ հատվածները: Ընդ որում, Երեւանի որոշ հատվածներում կան որոշակի դատական հարցեր, ինչի համար էլ աշխատանքները կամ դանդաղ են առաջ գնում, կամ առաջ չեն գնում, բայց րածես դրանք էլ են լուծում ստանում: Հիմա մենք շինարարության փուլ ենք մտել Աշտարակից Թալին հատվածում: Գիտեք, որ գործող փոխարինող ճանապարհը շատ ոլորաններ ունի, հաճախ վթարներ են լինում, անհարմար է երթեւեկել: Հիմա երկու շինարարական ընկերություն աշխատում է, յուրաքանչյուրը 18 ամիս ժամկետ ունի աշխատելու:
Լանջիկից Գյումրի հատվածի հիմնական մասը այս տարի կավարտվի, կմնան ճանապարհի կահավորման կամ որոշ այլ փոքր աշխատանքներ: Եթե եղանակները թույլ տան, ասֆալտապատումն ամբողջությամբ կավարտվի:
Մենք վերջապես սկսել ենք Հարավի առաջին հատվածի՝ Ագարակից Քաջարան հատվածի աշխատանքները: Արդեն մրցույթն իրականացրել ենք, հաղթող ընկերություն ունենք իրանական: Այնտեղ եւս 2024-ին շինաշխատանքներ կսկսվեն»,- հայտարարեց Սանոսյանը:











