Այո, հնարավորություն կա, որ Գազայում պատերազմը կարող է ընդլայնվել, բայց մյուս կողմից կարելի է եզրակացնել, որ աշխարհի ուժի կարեւոր կենտրոնները, Մերձավոր Արեւելքի կարեւոր երկիրները, «Հեզբոլլահ»-ը շահագրգռված չեն, որ պատերազմը դուրս գա այն շրջանակներից, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողությունները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, NEWS.am«Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Սա հույս է ներշնչում, որ կհաջողվի կառավարելի պահել այս պատերազմը: Չնայած, իհարկե, կան բավականին արտահայտիչ միտումներ, որոնք եթե զարգանան, կարող են հանգեցնել իսկապես լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք կընդգրկեն մերձավորարեւելյան մի շարք երկրներ:

Այստեղ բանալի դեր ունի Հեզբոլլահը: Եթե Հեզբոլլահը որոշի, որ ինքը պետք է ներգրավվի ռազմական գործողությունների մեջ, դա մի կողմից լուրջ ռազմական ուժ է, մյուս կողմից, իմ ընկալմամբ, կհանգեցնի նրան, որ պատերազմի կրակը կարող է տեղափոխվել այլ երկրների վրա: Իսրայելը կսկսի իրական հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: Եվ չի բացառվում, որ այդ հարվածների ընդհանուր շրջանակի մեջ ներգրավվի Իրանը»,-ասաց նա:

Սաֆրաստյանը հավելեց, որ սա դեռ լավագույն տարբերակն է, որովհետեւ եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսեն, ապա կա հնարավորություն, որ ԱՄՆ-ն գործի կդնի այն ահռելի ուժը, որ մոտեցրել է Միջերկրական ծովի արեւելյան հատվածին, նաեւ Պարսից ծոցում նավատորմ ունի: «Դա կհանգեցնի շատ լուրջ հետեւանքների տարածաշրջանի համար»,-ասաց նա: