Բազմիցս «անկլավների» մասին խոսվել է. Խոսվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի շրջանակներում բոլոր տեսակի հարցերը քննարկման ենթակա են, եթե դրանք ունեն իրավական հիմքեր, քարտեզագրված են, գրանցված են երկկողմանի համաձայնագրերում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Մենք ասում ենք, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի իրավական շրջանակը հստակեցվում է եւ ստորագրվում է խաղաղության պայմանագիրը եւ սկսվում են պրոցեսները: Տարածքների թվերը վերցվել են խորհրդային վերջին հանրագիտարանից: Կան քարտոեզներ, որոնց երկու կողմերը հասանելիությունը ունեն: Այսինքն այստեղ որևէ մութ սենյակներ, մութ անկյուններ պետք չէ փնտրել։ Իսկ դուք գիտե՞ք, որ հայկական «անկլավ» էլ կա, ընդ որում, երբ համադրում ենք այդ տարածքները, գրեթե նույն տարածքներն են ստացվում:
Կլինի՞ թողնենք այդ բանակցությունները ընթանան։ ՀՀ-ն ու Ադրբեջանը կարիք ունեն հստակեցնելու իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և դա գրավոր ընդունելու հարցը»,- ասաց Հակոբ Արշակյանը։











