Անկարան առայժմ չի ընդունել օտարերկրյա պետությունների օգնության որեւէ առաջարկ հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքների վերացման համար: Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը, հաղորդում է, որ Անկարան տասնյակ առաջարկներ է ստացել եւ դեռ ոչ մեկը չի ընդունել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, թե Անկարան հրաժարվել է իսրայելական իշխանությունների առաջարկած օգնությունից: «Ես ապշած եմ, որ Թուրքիային պետք չէ մեր օգնությունը»,- ասել է նախարարը:
Նշենք, որ Թուրքիային օգնություն են առաջարկել Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Ադրբեջանը, Հունաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան եւ Շվեյցարիան:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, թուրք սեյսմոլոգները ճշգրտել են Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մագնիտուդը, Բոսֆորի համալսարանի սեյսմիկ դիտարանի տվյալներով՝ երկրաշարժն ունեցել է 7,2 մագնիտուդ ուժգնություն: Ավելի վաղ թուրքերը հայտնում էին 6,6 մագնիտուդի մասին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղական ժամանակով ժամը 13:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:40-ին), էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, մագնիտուդը կազմել է 7,6:
Վերջին տվյալներով, հաստատված զոհերի թիվը 80-ից ավելի է: 50-ից ավելի մարդու դի տեղափոխել են Էրջիշ գավառի հիվանդանոց: 200-ից ավելի մարդ տուժել է, ավիրվել են բնակելի շենքեր: Մասնագետները նշե են, որ աղետի գոտում զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի: Ստորգետնյա ցնցումը զգացվել է Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում:











