Թուրքիայի հարավ-արեւելքում՝ Վանի նահանգում շարունակում են երկրակեղեւի ուժգին ցնցումները: Երեւանի ժամանակով ժամը 15:40-ին տեղի ունեցած խոշոր երկրաշարժից հետո մինչ այժմ մի քանի տասնյակ լուրջ ցնցումներ են արձանագրվել 4 եւ ավելի մագնիտուդ ուժգնությամբ: Այդ մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքը:

Նշենք, որ թուրք սեյսմոլոգները ճշգրտել են Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մագնիտուդը, Բոսֆորի համալսարանի սեյսմիկ դիտարանի տվյալներով՝ երկրաշարժն ունեցել է 7,2 մագնիտուդ ուժգնություն: Ավելի վաղ թուրքերը հայտնում էին 6,6 մագնիտուդի մասին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղական ժամանակով ժամը 13:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:40-ին), էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, մագնիտուդը կազմել է 7,6:

Վերջին տվյալներով, հաստատված զոհերի թիվը 80-ից ավելի է: 50-ից ավելի մարդու դի տեղափոխել են Էրջիշ գավառի հիվանդանոց: 200-ից ավելի մարդ տուժել է, ավիրվել են բնակելի շենքեր: Մասնագետները նշե են, որ աղետի գոտում զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի: Ստորգետնյա ցնցումը զգացվել է Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: