Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ շատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական
Հայաստանը կարողանում է անհամեմատ ավելի շատ զենք ձեռք բերել ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ, կամ կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ և խնդրել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրաառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ ՀՀ–ի կողմից ձեռքբերվող զենքերի մասին։
«Սովոր էիք և այդպիսին էր կարգը, համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն էնքան զենք, ինչքան պետք է և չկաթացնեն էնքան զենք, երբ որ դրա կարիքը չլինի, որ էդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվեն այլ սցենարներ։ Բարեբախտաբար, հիմա այլ վիճակում ենք»,– ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նկատեց, որ իհարկե, կան լոգիստիկ խնդիրներ. «Մենք շատ ավելին կարող էինք անել և շատ ավելի զենք կարող էնք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։ Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք որևէ հարձակողական նպատակ չունենք, յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ, սպառազինություններ։ Մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։ Այո, գաղտնիք չէ, որ այդպիսի խնդիրներ կան»,– շեշտեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրեցին։ Լըկորնյուն հաջորդ օրը հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Նրա խոսքով` ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։











