Բոլոր երկրների կողմից մեսիջը նույնն է՝ ներկայացված լինել Սյունիքում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է մեսիջը, որ Ռուսաստանը ցանկանում է հյուպատոսություն բացել Սյունիքում:

«Երկրները բացում են հյուպատոսություններ հաշվի առնելով համայնք, տնտեսական ու քաղաքական շահեր եւ այլն: Նույն հանգամանքներն են, ինչ Իրանի դեպքում, Ֆրանսիան է հայտարարել դրա մասին: Կարծում եմ՝ այլ երկրներից էլ կլինի ուշադրության աճ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Իրանի եւ Ֆրանսիայի դեպքում հնչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին հայտարարություններ, իսկ ո՞րն է ռուսական կողմի քաղաքական մեսիջը, փոխնախարարն ասաց. «Հյուպատոսության բացումը իր մեջ նաեւ քաղաքական բաղադրիչ է պարունակում: Բայց այստեղ խոսքը ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական շահերի, համապատասխան էներգետիկ տրանսպորտային հնարավոր նախագծերի մասին է: Քաղաքական բաղադրիչն այն է, որ կա հետաքրքրությունայս տարածաշրջանի նկատմամբ՝ իր բոլոր հետեւանքներով»: