Միջնորդների կողմից առաջարկվում են տարբեր հնարավորություններ, ջանքերը մի շարք կողմերից շարունակվում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ձևաչափով են շարունակվում Հայաստան-Ադրբեջան բանակցությունները:
«Միջնորդների կողմից առաջարկվում են տարբեր հնարավորություններ, չեմ կարող մանրամասնել ավելին: Դա նշանակում է, որ գործընթացը շարունակվում է: Չէ՞ որ միայն բարձրաստիճան հանդիպումներից չի բաղկացած այդ գործընթացը, այլև նախապատրաստում, որոշ փորձագիտական մակարդակով քննարկումներ, այդ առումով ջանքերը մի շարք կողմերից շարունակվում են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի կողմից հնչեցրած առաջարկին, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել, Պարույր Հովհաննիսյանն ասաց. «Դա դեռ որպես գաղափար է հնչեցվում, տեղյակ չեմ կոնկրետ քայլերի մասին»:











