Մերձավոր Արեւելքում հակամարտությունների ընդլայնման վտանգ կա, թեեւ տարբեր ուժեր փորձում են կառավարելի դարձնել պատերազմի ընթացքը։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Նա հավելեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման վտանգ կա։
«Տարածաշրջանում ամերիկյան ներկայության ավելացումը նախազգուշացում է Իրանին՝ իրավիճակը կառավարելի դարձնելու համար»,- ընդգծել է պատգամավորը։
Պատգամավորը նշել է, որ «Հեզբոլլահի» առաջնորդը փորձում է Իսրայելին ստիպել զինադադարի գնալ, իսկ մերժման դեպքում կարող են ռազմական հրահանգներ տրվել, որոնք լուրջ վտանգ կստեղծեն ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։
«Դիմադրության առանցք»-ի համար կարևոր է, որ Գազայի գոյությունը կասկածի տակ չառնվի, մինչդեռ Իսրայելը սպառնում է ոչնչացնել Գազան, և դա ավելի լուրջ գործոն է, քան ՀԱՄԱՍ-ի ճակատագիրը։ Ներքին իրավիճակը Լիբանանում, ինչպես նաև Իրանի դերը, որը ձգտում է իրավիճակը հնարավորինս կառավարելի դարձնել, ստիպում են Հեզբոլլահին մինչև վերջին պահը զերծ մնալ ավելի լուրջ ռազմական գործողություններից։
Միաժամանակ, Իրանում կան շրջանակներ, որոնք կարծում են, որ երկիրը պետք է միջամտի, քանի որ երկրի իմիջի խնդիր կա, քանի որ Պաղեստինի հարցն աշխարհում ընկալվում է որպես Թեհրանի համար ամենակարևոր մարտահրավերը»,- պարզաբանեց Բեգլարյանը։
Նա հիշեցրել է, որ Իրանի արտգործնախարարն այցելել է նաև Թուրքիա, որը փորձում է միջնորդի դեր խաղալ՝ ելնելով իր աշխարհաքաղաքական նպատակներից։
«Հուսով եմ, որ դա դրական դեր կխաղա իրավիճակի հանգուցալուծման գործում»,- եզրափակեց պատգամավորը:











