Եթե Արցախը լուծարելու մասին հրամանագիրը ախմախ թուղթ էր, ոչ մի բան էր, այդ դեպքում ի՞նչ գործ ունի Սամվել Շահրամանյանը Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարի Արցախում, ոչ թե Հայաստանում անի հայտարարություններ մեկը մյուսին հակասող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ Շահրամանյանն ասել է, որ 120 հազար արցախցիների անվտանգ Հայաստան տեղափոխումը ապահովելու համար է նման հրամանագիր հրապարակել, Քոչարյանն ասաց. «Կապիտուլյացիոն փաստաթուղթը հրադադարի փաստաթուղթ չէ: Հիմա ասում են, որ արցախցիների դուրս գալով փրկության խնդիր լուծվեց, բայց մնալու շանս կամ դուրս եկողների վերադարձի շանս թողե՞ց»:

Ինչ վերաբերում է պնդմանը, որ այդ փաստաթուղթը համաձայնեցվել է ՀՀ իշխանության հետ այդ փաստաթուղթը, նա ասաց. «Ես չեմ հավատում իր ասածին եւ որեւէ մեկը չի հավատում: Կամ քննարկել է ինչ մակարդակով, ինչ տեսանկյունով, գործողություններից առաջ, թե հետո: Դրանք տարբեր բաներ են: Քննարկելուց առաջ ինքը Արցախում էլ ում հետ է քննարկել այս ամենը: Արդյոք գիտակցում էր, որ երբ սկսեն իշխանափոխության գործընթացը, ինչ հետեւանքներ կարող է ունենալ եւ ինչ արագացում կարող է ստանալ: Իրենք մտածում էին, որ Արցախում իշխանափոխությունը կդառնա հնարավորություն Հայաստանում իշխանափոխության հասնելու համար: Մի բան հաշվի չեն առել, որ ՀՀ իշխանությունն ունի ժողովրդի քվեն»:

Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Սամվել Շահրամանյանին, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հայաստանի իշխանությունները լուծում են արցախցիների հետ կապված բոլոր խնդիրները: Խոսելու շատ բան չկա, որովհետեւ իրենց անհաջող քայլերի պատճառով մենք պետք է լուծենք ժողովրդի հետ կապված խնդիրները եւ լուծում ենք: Չպետք է թույլ տալ, որ խառնակչությունը դառնա այս պրոցեսի համար վտանգավոր գործիքակազմ: Խառնակցությունը պետք է գլխատել»: