Մենք անորոշ վիճակում ենք, մենք միտում չունենք հրահրելու, սադրանքի, ուղղակի մեր պահանջն ենք ուզում ներկայացնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից, Արցախի ՊԲ պահեստազորի փոխգնդապետ Արմեն Բաղրյանը:

Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված թոշակառուները, այդ թվում զինվորական թոշակառուները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ տրամադրեն իրենց թոշակն ու նպաստը։

«Այդ թոշակն իրենց համար իրենց կատարած աշխատանքի եւ սխրագործության շնորհիվ են ստացել: Անձամբ ես ունեմ երեք անչափահաս երեխա, այսօր ոչ մի գործ չունեմ: Այդ թոշակն էր մեր հույսը, մինչեւ հետագա ոտքի կանգնելը, սակայն այսօր մեր կառավարությունը չգիտեմ ինչ հանգամանքներով պայմանավորված ասում են՝ պետք է գրանցվեք: Եթե պետք է գրանցվենք, ինչու են ՀՀ ՊՆ-ի հրամանով մեզ զորացրել:

Մեր գերագույն գլխավոր հրամանատարին, ԶՈՒ շտաբի պետին, պաշտպանության նախարար Պապիկյանին մեր խնդրանք ու պահանջն ենք հայտնում, որ տեր կանգնեք մեր պահեստազորի սպաներին, քանի որ մենք մեր հայրենիքի համար շատ աշխատանք ենք կատարել։ Հակառակորդն  ախորժակը բացած դեպի Սյունիք է գալիս, այստեղ  հավաքված մարդիկ ենք կռվելու այնտեղ, մենք ենք ձեր թիկունքին հանգնելու։ Մենք պատրաստ ենք գնալ առաջնագիծ և պահպանել մեր Հայաստանի սահմանները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բռնի տեղահանված արցախցիներին առաջարկում են կամ ստանալ փախստականի կարգավիճակ, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն և ստանալ թոշակ և նպաստ, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները: