Վերջին տվյալներով, Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 239-ի: Ինչպես այսօր` հոկտեմբերի 24-ին, հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, Վանի նահանգի կենտրոնական մասում, Արճեշ ավանում եւ հակարից գյուղերում աղետից զոհվել է 239 մար, շուրջ 1300 մարդ վնասվածքներ են ստացել:
Արճեշի միայն 40 տոկոսն ունի էլեկտրականություն, ընդհատումներ կան նաեւ Վանում: «Մինչեւ երեկո այդ խնդիրը կվերացվի»,-ասել է Աթալայը: Նրա խոսքով, երկրի կառավարությունն իր բոլոր ուժերն ուղղում է դեպի Վան` աղետի հետեւանքների վերացման համար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 200-ը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին:
117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Էրջիշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվածք է ստացել 1090 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի:
Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք:
Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:











