Ֆրանսիայում մտավախություն կա, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ոտնձգությունների նոր ծրագրեր ունի, որը կարող է իրականացնել Ռուսաստանի եւ Իրանի հետ գաղտնի համաձայնությամբ՝ օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10–ին «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ ասաց քննարկման մոդերատոր «Մոնտեյն ինստիտուտ» վերլուծական կենտրոնի հատուկ խորհրդատու Միշել Դուկլոն։
«Ֆրանսիայում մենք մտավախություն ունենք, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը կարող են ինչ-որ չհայտարարված համաձայնության մեջ լինել՝ Հայաստանի կյանքն ավելի բարդացնելու շուրջ։ Հատկապես երբ գերտերությունների միտքն այլ բաներով է զբաղված։ Այս ենթադրյալ դաշինքի կոնֆիգուրացիան, գումարած դրան աշխարհաքաղաքական իրավիճակը, նպաստավոր են, որ Ադրբեջանը կանգ չառնի այնտեղ, որտեղ հիմա է»,– ասաց Դուկլոն։











