ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության եւ առեւտրի պետնախարար Թիմըթի Մինտոն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ Միացյալ Թագավորության գործարարության եւ առեւտրի պետնախարար Թիմըթի Մինտոն հանդես են եկել ողջույնի եւ շնորհավորական խոսքով։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ Արքունիքի ավագ անգամ, ՄԹ արքունիքի եւ դիվանագիտական կորպուսի միջեւ կապերի մարշալ Ալիստր Հարիսոնը, դիվանագիտական կորպուսի փոխմարշալ Վիկտորյա Բասբին, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաեւ ՄԹ արտաքին, համագործակցության եւ զարգացման նախարարության ներկայացուցիչներ։

Ստորեւ ներկայացնում ենք նախարար Արարատ Միրզոյանի խոսքը։

«Ձերդ գերազանցություն նախարար Մինտո,

Գերաշնորհ հայր,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք,

Հարգելի հյուրեր,

Մեծ հաճույքով եւ խորին պատվի զգացումով մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ նշելու Լոնդոնում Հայաստանի Հանրապետության նոր դեսպանության բացումը։ Այս դեսպանությունը հանդիսանում է բարեկամության եւ համագործակցության փարոս մեր ժողովուրդների միջեւ, եւ այս շենքը կամուրջ է, որը կապում է ոչ միայն մեր կառավարություններին, այլեւ մեր տնտեսությունները, մեր մշակույթները եւ մեր ժողովուրդներին: Այսօր ժապավենը կտրելիս մենք ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլ նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական եւ մշակութային կապերը: Բայց նաեւ հետաքրքիր զուգադիպությամբ բացման այս արարողությունից անմիջապես հետո մենք պատրաստվում ենք մեր հարաբերությունների նոր մակարդակի՝ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության միջեւ ռազմավարական երկխոսության մեկնարկին:

Սիրելի հյուրեր,

Ուրախ եմ այսօր ձեզ հետ կիսել այս պատմական պահը Լոնդոնի սրտում գտնվող այս պատմական շենքում: Շնորհակալություն այս պատմական պահի մի մասնիկը լինելու համար»:

Ներկաները նաեւ գրառում են կատարել դեսպանության պատվո հյուրերի մատյանում, որտեղ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է․ «Շուրջ երեք տասնամյակ Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը ջանքեր են գործադրել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին։

Լոնդոնի սրտում գտնվող այս շենքում ՀՀ դեսպանության տեղակայումն ի ցույց է դնում մեր պատրաստակամությունը խորացնելու եւ նոր թափ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին` ի շահ մեր երկու ժողովուրդների:»