Եթե այնպես ստացվի, որ 2024-ին մենք չկարողանանք բարձրացնել 7 տոկոս նշաձողը, ապա լինելու է ցածր տնտեսական աճ, դեռեւս հարցականի տակ են նաեւ հարկեր-ՀՆԱ-ն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից բերված հաջորդ տարվա բյուջեին։
«Մեր տնտեսական աճի կառուցվածը խոցելի է։ Մեր տնտեսական գերակշիռ մասը պայմանավորված է ոչ արտահանելի հատվածով, հետեւաբար այն գործոնները, որոնք պայմանավորվել են 2022 եւ 2023 թվականներին, եթե 2024-ին ինչ-որ առիթով չքանան, ապա կունենանք խնդիրներ։ Մենք այս տարի ունենք բավականին համեստ գնաճ։ Եթե Ռուսաստանի հետ լարվածությունը նյութականանա, դրան հետեւելու է փոխարժեքի արժեզրկում, ներմուծման գների միջոցով դեպի ներքին գների վրա ազդեցություն ավելի բարձր գնաճ։ Գնաճային սպասումները չեն նահանջել։ 2024-ին գնաճի հետ կապված ռիսկեր կան, դրա համար ԿԲ-ն տոկոսադրույքների նվազման առումով պահպանողական է»,- նշեց նա։
Արամյանի խոսքով՝ 2024-ի բյուջեն հավակնոտ է մի քանի ցուցանիշների առումով. «Տնտեսական զարգացումների առումով 2024 թվականի տնտեսական աճը մեր հնարավորությունների վերին մակարդակով է, որովհետեւ կառավարությունը իր բյուջեի բացատրականում տվել է բազային սցենարը՝ 5,6 տոկոս է, դա համընկնում է նաեւ ԿԲ-ի կանխատեսումների հետ, դրանից ածանցված բավականին հավակնոտ է նաեւ հարկեր, ՀՆԱ ցուցանիշը։ 2023-ին հարկերի եւ ՀՆԱ-ի ցուցանիշի բարելավումը 1,1 տոկոս էր, իսկ 2024-ին՝ 0,8 տոկոսային կետը, դա այն պայմաններում երբ կարծես՝ օրենսդրական շատ փոփոխություններ այս պահին դրված չեն։ Լավ լուրն այն է, որ ընթացիկ ծախսերի առումով կառավարությունը նոր պարտավորություններ չի վերցնում, բայց կան պարտավորություններ, որոնք այս տարվանից են գնում, օրինակ՝ կենսաթոշակների մասով։ Այն բարձրացումը, որն ունեցանք 2023-ի հուլիսին, դա ունենալու ենք ամբողջ 2024-ին։ Արդյունքում սոցիալական բյուջեն 100 մլրդով աճելու է։ Մենք աճ ենք տեսնում նաեւ Առողջապահության եւ կրթության ոլորտում, կրթության դեպքում դա հիմնականում հանրակրթական ուսումնական հաստատությունների կապիտալ ծախսերն ու աշխատավարձերն են։ Ընդհանուր պատկերով կառավարությունը շուրջ 427 մլրդով ծախսերն ավելացնում է»։
Վարդան Արամյանը շեշտեց՝ վտանգավորն այն է, որ եթե այնպես ստացվի, որ չկարողանանք բարձրացնել 7 տոկոս նշաձողը, ապա մի շարք խնդիրներ են առաջանալու. «Եթե ռիսկերը նյութականական, ապա կառավարությունը պետք է պատասխանի՝ ինչու այդպիսի իրավիճակ ունեցանք։ Դրան գումարած նաեւ արցախահայության խնդիրները, կարող են սոցիալական ոլորտում նաեւ ռիսկեր ավելանալ, եթե կառավարությունը չկարողանա այս 100 հազար մեր հայրենակիցներին արագ ինտեգրել մեր աշխատուժի մեջ, այստեղ կունենանք լուրջ խնդիրներ՝ գնաճային դրեւորումների մասով»։
Նրա խոսքով՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի պոտենցիալ ներուժ մեր երկիրը չունի. «Ներկայումս պոտենցիալը գնահատվում է 4-5 տոկոս ցուցանիշի շրջանակներում։ Այսինքն՝ եթե արտածին գործոնները շարունակեն նույն տեմպերով դրսեւորվել 2024-ին, ապա կարող ենք ռիսկեր ունենալ։ Եթե դրան ավելացնենք նաեւ հայ-ռուսական ճակատում անհարթ վարքագիծը, ապա ռիսկերն ավելի են մեծանում։ Գուցե ռուսական դինավագիտությամբ ինչ-որ պատճառներով որոշվի որեւիցե գործիքակազմ չկիրառել»։











