Մենք տեսնում ենք, որ ռուսական կապիտալով ընկերություններ որոշ չափով վերաիմաստավորում են իրենց գոյությունը Հայաստանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Կարող ենք տեսնել, որ կան ընկերություններ, որոնք վաճառել են իրենց բաժնետոմսերը Հայաստանում ինչ-որ երրորդ ընկերությանը։ Տնտեսվարողները բավականին զգուշավոր են, եւ տնտեսական քաղաքականության կարեւորագույն մեխերից մեկն այն է, թե երկիրն ինչպիսի վերաբերմունք ունի։ Օրինակ՝ հայկական տնտեսվարողները երբեք չեն դիտարկի օրինակ՝ Պակիստանի տնտեսությունը, եւ մեր տնտեսվարողները փնտրում են հիմնականում Արաբական Էմիրություններում, որովհետեւ Հայաստանի հետ ունեն նորմալ հարաբերություններ, մեր տնտեսվարողները բիզնեսներ չեն դնի Թուրքիայում։ Այս քաղաքական փոխհրաձգություններն ազդելու են ներդրողների տրամադրությունների վրա»,- նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ կարող է սպասվել Հայաստանի տնտեսությանը, եթե Ռուսաստանը որոշի տնտեսապես պատժել, Արամյանը ասաց. «Մեր ինտեգրվածությունը Ռուսաստանից բավականին խորն է։ Մենք Ռուսաստանի տնտեսությանը կապված ենք մի քանի թելերով, առաջինը՝ ներդրումների 60 տոկոսը Ռուսաստանից է եկել, երկրորդը՝ աշխատույժն է, միգրացիոն հոսքերը հիմնականում գնում են Ռուսաստան՝ աշխատելու։ 2021-ին շուրջ 480 մլն դոլար է եկել Ռուսաստանի տնտեսությունից ֆիզիկական անձանց գծով անկային փոխանցումների միջոցով, 2022-ին դա աճել է անգամներով՝ 2,7 մլրդ դոլար, երրորդ ուղղությունը արտահանումն է, մինչեւ 2022-ի մեր պատրաստի արտադրանքի գերակշիռ շուկան եղել է Ռուսաստանը, որովհետեւ մենք չենք համապատասխանում եվրոպական ստանդարտներին, դա եւս մեծ ցուցանիշ է։ Մեր կախվածությունը ռուսական տնտեսությունից բավականին զգալի է։ Որեւիցե մեկը չի կարող ասել, թե ինչ կարող է անել Ռուսաստանը, որովհետեւ խաղաքարտերը կարող են շատ արագ փոփոխվել։ Կարող են ինչ-որ դրսեւորումների հիման վրա արագ վատանալ կամ լավանալ»։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն ունի այլընտրանք, նախկին նախարարը մեկնաբանեց. «Դրա հիմնական հասցեատերը պետք է լինի կառավարությունը, որովհետեւ կառավարությունն է ուղղությունը տանում իր արտաքին, տնտեսական քաղաքականության։ Այդ լծակները տարբեր ազդեցություններ կարող են ունենալ մեր տնտեսության վրա, օրինակ՝ 165 դոլարից գազը բարձրացնել 185 դոլարի դա մեկ այլ սցենար է, 165-ից 400 դոլարը՝ այլ սցենար, այս դեպքում կառավարությունը իր ձեռքի տակ պետք է ունենա իր հավակնությունների սցենարները, թե որտեղից ինչ կարող է ունենալ։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ որեւիցե գործիք կիրառելու դեպքում ինչ պետք է անենք»։

Անդրադառնալով նաեւ անվտանգային վեկտորի փոփոխությանը եւ այլ երկրներից զենք գնելուն եւ հարցին՝ արդյո՞ք Հայաստանի անվտանգային բյուջեն բավարար է Արեւմուտքից զենք գնելու համար, Արամյանն ասաց. «Վատ չէ, եթե դու կարողանում ես զենքերի մատակարարում ունենալ այլ աղբյուրներից, ապա դա դրական է։ Եթե անվտանգային բյուջեն համեմատենք Ադրբեջանի հետ, ապա դեռեւս բավարար չէ, որովհետեւ Ադրբեջանը նավթ արդյունահանող երկիր է, վերջին ժամանակներում բավականին մեծ ռազմական ծախսեր է արել։ Անվտանգային համակարգը միայն զենքը չէ, այլ նաեւ լրացուցիչ օժանդակությունը, պայմանագրերը, հարաբերությունները։ Դժվարանում եմ ասել, որ այսօր եվրոպացին պատրաստ է այն նույնը մատուցել, ինչը Ռուսաստանն է մատուցում։ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ եվրոպացիները պատրաստ  չեն իրենց բարեկեցին կյանքը եւ իրենց տղաներին զոհել հանուն ինչ-ինչ արժեքների»։