Մենք հանդես ենք գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից, և մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա թափանցիկ, փոխշահավետ պայմաններով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես, նա մեկնաբանել է ռուս լրագրողի՝ ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին հարցին, որում ասված է, որ ՀՀ տարածքում երրորդ կողմի վերահսկողություն չի կարող սահմանվել, ինչպես նաև այն պնդմանը, որ հայկական որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ապաշրջափակելու նպատակով Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման վերաբերյալ։
«Նախ՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինը մենք չենք օգտագործում։ Տարածաշրջանի այս հատվածի համար կիրառում ենք Ադրբեջանից ՀՀ Սյունիքի մարզով Նախիջևան տանող երթուղիներ տերմինը։
Ես պարզապես չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչի մասին են նրանք խոսում, երբ օգտագործում են «ճնշում» բառը: Ո՞վ է ում վրա ճնշում գործադրում։ Չեմ կարող հասկանալ։ Գուցե նրանք ինչ-որ փաստե՞ր ունեն։ Թող տրամադրեն:
Մենք հանդես ենք գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից, և մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա թափանցիկ, փոխշահավետ պայմաններով։ Սրանք միայն խոսքեր չեն։ Սա աշխատանք է։ Եվ հենց այսպիսի աշխատանքը, որը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և նրանց հարևանների շահերից, իրականացվում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Սրան, ըստ Զախարովայի, քաջատեղյակ են Երևանում։
«Այս խմբի շրջանակում աշխատանքը երբևէ որևէ քննադատության պատճառ եղե՞լ է: Երբեք: Ինչո՞ւ։ Որովհետև այն իրավահավասար է: Երրորդ, եռակողմ աշխատանքային խմբում ձեռք էր բերվել ամուր ըմբռնում, որ երկրները պետք է օժտված լինեն ինքնիշխանութամբ և իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ իրավասությամբ: Երբեք խոսք չի եղել արտատարածքային միջանցքներ ստեղծելու մասին, և դա լավ հայտնի է նաև հայկական կողմին։
Եվ չորրորդ՝ եռակողմ աշխատանքային խումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Ի՞նչ է այնտեղ արձանագրված։ Այնտեղ հստակ նշված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության դերը Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման գործում: Հենց սա է մանրամասն քննարկվել ճեպազրույցում։ Պաշտոնական Երևանի համար այս ամենը նորություն չէ։
Առավել զարմանալի է Հայաստանի ԱԳՆ-ի բուռն արձագանքն այս թեմայի վերաբերյալ մեր նախկին մեկնաբանություններին։ Ուզում եմ հիշեցնել, որ ռուս սահմանապահները երկար տարիներ հաջողությամբ պահպանում են Հայաստանի սահմանները Իրանի և Թուրքիայի հետ՝ երկկողմ պայմանավորվածությունների համաձայն», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։











