Հույս ունենանք, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի, բայց ժամկետների վրա չկենտրոնանանք, այնպիսի բան կնքենք, որ ռեալ կգործի, մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղություն կբերի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուշանում է, քանի որ միմյանց նկատմամբ անվստահություն կա, Ալեն Սիմոնյանն ասաց. «30 տարի անընդմեջ մենք բոլոր հարթակներում, բոլոր ձեւերով միմյանց հարվածել ենք: Բնական է, որ այս ժամանակահատվածում երկրների միջև անվստահություն է ձևավորվել: Դա միայն մեր խնդիրը չէ, այլ ավելի շատ Ադրբեջանի խնդիրն է՝ իր հասարակության մեջ պետական մակարդակով ատելության սերմանման պատճառով:
Ես կարծում եմ, որ մեզ մոտ պետական մակարդակով այդքան թշնամանք չի սերմանվել, որքան Ադրբեջանում։ Մենք հասարակություններին էլ պետք է նախապատրաստենք, և Ադրբեջանն էլ պետք է աշխատի իր հասարակության հետ։ Մենք չգիտենք, թե իրենք ինչքանով են դրան պատրաստ»։
Հարցին՝ ի վերջո կա՞ ժամանակացույց, թե երբ այդ խաղաղության պայմանագիրը կստորագրվի՝ ԱԺ ղեկավարը նշեց. «Կոնկրետ ժամկետների մասով չի բանակցվում։ Մենք նախորդ տարի էլ էինք խոսում, որ մինչւ տարեվերջ կստորագրվի, բայց չստորագրվեց: Քիչ հնարավորություն կա, բայց կա այդ հնարավորությունը, որ ցանկության դեպքում այս տարվա վերջ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Չի քննարկվում, թե ում հովանու ներքո դա կլինի։ Ով էլ գա, իր շահերն է բերելու։ Մենք էլ, ադրբեջանական կողմն էլ պետք է հասկանանք, որ եթե բոլոր տեղերում մենք իրար հետ չպայմանավորվեցինք, հայտնվելու է երրորդ կողմ և ներդնելու է իր շահերը»։











