Եթե Հայաստանի շահերից բխող որեւէ որոշում կայացնելու հետ կապված քաղաքական կամքի բացակայություն լիներ, հենց թեկուզ ՀԱՊԿ-ի հետ կապված, նույնիսկ այն վերապահումները, որ մենք հրապարակային թափանցիկ հայտնում ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված, էդ էլ չէինք անի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրեմն կա քաղաքական կամքը եւ ըստ անհրաժեշտության, ՀՀ շահերից բխող որոշումներ կայացնելու: Կկայացնե՞նք արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում: Մենք կողմնորոշվելու ենք Հայաստանի պետական շահերով: Եթե այս պահին որեւէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է: Մենք այս պահին արձանագրում ենք, որ ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամբ իր ունեցած պարտավորությունները: Այսինքն, այս իմաստով, ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին եւ մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձեւով: Սկզբում դա արել ենք աշխատանքային մակարդակով, հետագայում նաեւ հրապարակայնացրել ենք, որովհետեւ հասարակությունը մտածում է՝ բա մեր կառավարությունն այս բաները չի տեսնո՞ւմ»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով. մի ժամանակ ընդդիմությունը լրջորեն քննարկում էր, թե Հայաստանը դիմումները ՀԱՊԿ-ին ճիշտ չի ձեւակերպել. ոչ թե այս հոդվածով է դիմել, այլ էն սխալ հոդվածով. «Սրանք անլուրջ մեկնաբանություններ են: Մենք ուզում ենք մինչեւ վերջին հնարավորությունը անել ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու եւ մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար:
Եթե այս ճանապարհին մենք սպառված համարենք ամբողջ պոտենցիալը, մեր հանրությունը հարցնելու է ավելի ուժեղ՝ իբր ինչի՞ եք մնացել կազմակերպությունում, որ այդ անդամակցությունը ՀՀ-ին կամ ոչինչ չի տալիս, կամ չի տալիս այն մինիմումը, որը կենդանի կպահեր մեր հետաքրքրքությունը կազմակերպության անդամագրվելու նկատմամբ, կամ լրացուցիչ խնդիրներ է առաջացնում մեր անվտանգային համակարգի համար»:











