Հայաստան-Սաուդան Արաբիա նորաստեղծ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարեւոր է, սա բացում է նոր հնարավորություններ՝ երկուստեք հարաբերությունների խորացման, երկրորդ կամ երրորդ հարթակներում համագործակցության, ինչպես նաեւ տնտեսական տեսանկյունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության միջեւ ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Հարցին՝ ինչո՞ւ մինչեւ հիմա Հայաստանը Սաուդան Արաբիայի հետ չուներ դիվանագիտական հարաբերություններ, արաբագետը պատասխանեց․ «Տարբեր պատճառներ կային․ 90-ականներին իր պատճառները կար, 2000-ականներին՝ իր պատճառները, որոնցում կամաց-կամաց Ղարաբյան խնդիրը դառնում էր առանցքային խոչընդոտ։ Ղարաբյան խնդիրը հիմնական պատճառն էր, որ բարձրաձայնվում էր Սաուդյան Արաբիայի կողմից։ Ադրբեջանն էլ շնորհակալություն էր հայտնում Սաուդյան Արաբիային, թե չեն հաստատում հարաբերություններ, քանի որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակիցն են․ կային մուսուլմանական այլ երկրներ, որոնք նույնպես ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ սա չբանակցված, չստացված գործընթացի արդարացումն է։ Եթե հնարավոր լիներ այն գործընթացները, որոնք սկսել էին 90-ականներին, ինչ-որ ձեւով ավարտին հասցնել, ամբողջացնել, ապա կարող էին այդ հարաբերությունները հաստատվել վաղուց»։
Հարցին՝ ի՞նչ կտա այդ հարաբերությունների հաստատումը Հայաստանին, Քոչարյանն ասաց, որ դա չեզոքացնում է այն նարատիվը, թե Հայաստանն իսլամական աշխարհի հետ խնդիրներ ունի․
«Երրորդ, չորրորդ հարթակներում միշտ հնարավորություն կա համագործակցելու։ Աշխատանքը եթե տարվի, կարող է նաեւ մեղմվել դիրքորոշումը Իսլամական կազմակերպության կոնֆերանսի շրջանակներում, որի ժամանակ երբեմն Հայաստանի նկատմամբ քննադատող որոշումներ են ընդունվում։ Այսինքն՝ կա հնարավորություն այդ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու»։
Անդրադառնալով Սաուդան Արաբիայի՝ տարածաշրջանում շահեր ունենալուն՝ Հայկ Քոչարյանն ասաց․ «2020 թվականից հետո փոխված ճարտարապետությունը տարածաշրջանում ունենք, ինչպես նաեւ Մերձավոր ալեւելքում լարումը։ դրանք տարածաշրջանում փոխում են ճարտարապետությունը եւ անվտանգային նոր համակարգ է ձեւավորվում, որտեղ իր ազդեցությունն ունի Թուրքիան, Իրանը, Սաուդան Արաբիան էլ տարածաշրջանի մի մասն է, ինքը իր կենսական շահերի շրջանակում դիտարկում է նաեւ ունենալ իր որոշակի ազդեցությունը։ Իմ կարծիքով՝ Սաուդան Արաբիան տեսնում է հնարավորություններ «խաղից դուրս չմնալու»»։
Անդրադառնալով Սաուդան Արաբիա-Թուրքիա, եւ Սաուդան Արաբիա-Ադրբեջան հարաբերություններին, եւ հարցին՝ այդ հարաբերություններն արդյո՞ք ազդելու են Հայաստանի հետ ստեղծված հարաբերությունների վրա, արաբագետը մեկնաբանեց․ «Թուրքիայի հետ կա մրցակցություն տարածաշրջանում եւ մուսուլմանական աշխարհի համար։ Ադրբեջանի կա համագործակցություն՝ որպես նավթագազարդյունահանող»։
Հարցին՝ այդ հարաբերություններն ավելի շատ տնտեսակա՞ն են, թե՞ քաղաքական, Հայկ Քոչարյանն ասաց, որ այժմ քաղաքական են․ «Կվերածվե՞ն տնտեսականի, կամ այլ տեսակների, դա ժամանակի հարց է։ Ենթադրվում է, որ դիվանագիտական հարաբերություններից հետո պետք է աշխատել նաեւ այդ ուղղությամբ»։











