ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը քաղաքական ակնարկ չի տեսնում վարչապետի աշխատակազմի ղեկվար Արայիկ Հարությունյանի գրառման մեջ։
Դիտարկմանը, որ Ռուսաստանը տնտեսական խնդիրներ է ստեղծում Լարսում, եւ արդեն նշվում է, որ դա քաղաքական պատճառներ ունի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իմ ունեցած տեղեկություններով, այդ սահմանակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ։ Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ Ադրբեջան-Ռուսաստան կամ Ադրբեջան-Վրաստան սահմանին»:
Նա հորդորեց չշտապել ենթադրություններ անել. «Չեմ բացառում, կրկնում եմ՝ չեմ բացառում, որ կարող է քաղաքական բան ունենալ, բայց ես խնդրում եմ չշտապել ու հետևություններ չանել»,-ասաց Սիմոնյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք՝ չեք բացառում քաղաքական պատճառը, Սիմոնյանն արձագանքեց. «Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են։ Ինձ թվում է՝ նկատել եք։ Այ դա ի նկատի ունեմ»։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»:











