Ասել, որ մենք դեմ ենք խաղաղության պայմանագրին, անտրամաբանական է, բայց այն, ինչ պարտադրում է Ալիևը և ինչին համաձայնվում է Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանը, դա ոչ թե խաղաղության, այլ հավերժական պարտության և կապիտուլյացիայի համաձայնագիր է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Դիտարկմանը, թե խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից երաշխիքներ, որ ռևանշ չի լինելու և արդյոք ՀՀ-ն ռևանշիստական տրամադրություններ դրսևորում է, թե՞ սա ևս Ադրբեջանի հերթական խաղն է պայմանագիրը չստորագրելու համար, պատգամավորը նախ նշեց, թե Ալիևն ինչպես է որոշելու՝ որն է ռեւանշ, որը՝ ոչ:
«Ինքը վաղը կարող է ասել՝ այն զրահամեքենաները, որը Հայաստանը գնում է Ֆրանսիայից, կարող է դիտարկել որպես ռևանշի ձգտում և հերթական հարձակումը գործի Հայաստանի վրա։ Այս մասին Ալիևը դեռ երկու տարի առաջ է ասել, որ եթե Հայաստանը փորձի ռազմական պոտենցիալը վերականգնել՝ մենք մեզ իրավունք ենք վերապահում խոցելու։ Այսինքն՝ Ալիևը նույնիսկ այս չակերտավոր խաղաղության պայմանագրի մեջ դնում է դրվագներ, որ կարողանա յուրովի մեկնաբանել, և այս խաղաղության պայմանագիրը Ադրբեջանին հնարավորություն տա Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծել»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանություններն ինչքան Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկում են, ինչքան խոնարհվում են, այդքան Ադրբեջանը հավելյալ պահանջներ է Հայաստանի առջև դնում, իսկ այս իշխանություններն ավելի ցածր են խոնարհվում։
Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Ալիևը Հայաստանին կպարտադրի այնպիսի մի փաստաթուղթ ստորագրել՝ հնարավորինս անորոշ ձևակերպումներով հարուստ, որն այս նոր «խաղաղության» պայմանագիրն իրենց համար լեգիտիմ հիմք ստեղծի տարընթերցման միջոցով Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա սանձազերծելու համար։











