Ոչ մի նման քայլ ինքնանպատակ լինել չի կարող, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք մենք ընդունել Հռոմի ստատուտը: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հռոմի ստատուտն օգտագործվելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացնելու համար:

«Ես չեմ կարծում, որ մենք այդ ստատուտը ընդունել ենք կոնկրետ անձի դեմ: Ես կարծում եմ, որ Հռոմի ստատուտի ընդունելը բարձրացրել է որոշակիորեն ՀՀ-ի անվտանգության երաշխավորությունը, բայց ես ուզում եմ ձեզ նաեւ ևս մեկ անգամ տեղեկացնել, որ Հայաստանն այժմ գտնվում է խաղաղության պայմանագրի մասով խոր, և իմ գնահատամամբ, շատ արդյունավետ բանակցությունների մեջ, և ես ձեզ խնդրում եմ՝ մեր գնահատականներում լինենք այնպիսին, որ միմիայն մոտեցնենք խաղաղության պայմանագրի կնքումը:

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի դեմ եղել են քայլեր, և Հայաստանը կարիք ունի իր անվտանգային միջավայրը բարելավելու, ես առաջարկում եմ, որ ոչ միայն այդ ստատուտը, այլև բազմաթիվ քայլեր դիտարկվեն այդ կոնտեքստում»,-ասաց նա: