Համաձայն եմ  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այն հայտարարության հետ, որ Հարավային Կովկասում խաղաղությանը հասնելու պատմական հնարավորություն կա: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը

«Ես էլ եմ կարծում, որ պատմական հնարավորություն կա ի վերջո հասնելու այդ նպատակին, և այդ հնարավորությունները երկուստեք պայմանավորվածությունների արդյունքում են արտացոլվում: Կարծում եմ, որ այսօր կա փոխըմբռնում Հայաստանի և Ադրբեջանի երկրների միջև, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի: Սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ մենք ունեցել ենք վերջին շրջանում: Հայաստանի Հանրապետությունը, արդեն տևական ժամանակ իր օրակարգում խաղաղությունը որպես առաջնային դարձնելով, գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու  է ԵՄ-ն ավելացնում Հայաստանում դիտորդների թիվը, Ադրբեջանն էլ այդ որոշման հետ կապված իր դժգոհությունն է հայտնել, Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ ինքը դժգոհությունների մասին տեղյակ չէ և առաջարկում է կենտրոնանալ միայն այն պրոցեսի վրա, որն այսօր տեղի է ունենում։

Նա միաժամանակ ասաց, որ Եվրամիության այդ քայլը դրական է գնահատում։

«Դիտորդները Հայաստան եկել են բավականին բարդ իրավիճակում և պատասխանատու ժամանակահատվածում, և մենք դրական ենք գնահատում այս քայլը»,- հավելեց նա։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգային իրավիճակը կամրապնդի խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը նախաձեռնլ են և որի ուղղությամբ շարժվում են։