Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների գնալը տրամաբանական է: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Որոշակի առումով կանխատեսելի էր, որ Ալիեւը կգնա դրան: Ինքը հաղթած կողմ է, դա իր հասարակությանը ներկայացնում է որպես շռնդալից հաղթանակ, որին տասնամյակներով սպասել էին, եւ հիմա ուզում է այդ հաղթանակը ամրագրի ընտրությունների միջոցով: Ադրբեջանը նախագահը միշտ ընտրվել է վարչական եւ կլանային ռեսուրսների արդյունքում, իսկ այս անգամ Ալիեւի ռեյտինգը այնպիսին է, որ նա նույնիսկ կարող է վարչական ու կլանային ռեսուրսները չօգտագործել, եւ նա չունի էլ որեւէ լուրջ հակառակորդ: Անգամ կարող է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ եւ իրեն հռչակել տարածաշրջանի ժողովրդավարության բաստիոն: նա դրա համար բոլոր հնարավորությունները ունի»,-ասաց նա:
Կիվիրյանը նկատեց, որ սա առաջին անգամ է, որ նախագահական ընտրություններն անցկացվելու են Ադրբեջանի ողջ տարածքում, այդ թվում Արցախում. «Իրենք սա ներկայացնելու են որպես առաջին ադրբեջանական պետական ընտրություններ: Այս ամբողջն ուղղված քարոզչությանը: Այս հաղթանակն Ադրբեջանում առաջացրել է էյֆորիա, բայց դա երկար չի տեւելու, քանի որ սովորական ադրբեջանցու կյանքի որակի վրա Արցախի հաղթանակը չի ազդելու: Այսինքն այնտեղ ստեղծվել է այն վիճակը, որը ստեղծվել էր Հայաստանում 1994-ի հաղթանակից հետո: Հայ հասարակության կյանքի որակը դրանից չփոխվեց: Հիմա եթե Ադրբեջանը նույնկերպ չկարողանա իր հասարակության համար ապահովել առաջընթաց ու զարգացում, չի բացառվում, որ շատ կարճ ժամանակ հետո ադրբեջանական հասարակությունը հոգնի ղարաբաղյան հարցից»,-ասաց վերլուծաբանը:
Նրա խոսքով, դա է պատճառը, որ Ալիեւը ընտրությունները ոչ թե թողեց 2025-ին, այլ «տաք-տաք» փորձում է իր հաղթանակը ֆիքսել նաեւ ընտրությունների տեսքով՝ ցույց տալով, թե ժողովուրդն իրեն ինչպես է ընդունում:
Երրորդ գործոնն այն է, որ մինչեւ հիմա Ալիեւը ընկալվում էր որպես Հեյդար Ալիեւի որդի, ոչ ավելին, իսկ հիմա այս ընտրություններով կներկայանա հանրությանը որպես երկրի տարածքային ամբողջականության ապահովող:











