Շատ կարեւոր  ու մեծ բան է, հաճելի զգացողություն է, թող բոլորն էլ հետ գան, հասնեն իրենց ընտանիքներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց գերությունից վերադարձած Հրաչ Ավագյանի հարազատներից մեկը՝ նշելով, որ Հրաչը գերի է ընկել Խծաբերդում:

«Կարմիր Խաչն օգնում էր, կարողանում էինք խոսել իր հետ: Միշտ լավն է ասել, վատ բան չի ասել, բայց չենք կարող ասել՝ ոնց է եղել այնտեղ: Կգա, կիմանանք: Ժամանակը կգա` Արցախի իշխանության ներկայացուցիչներին էլ կվերադարձնեն»,-ասաց նա:

«Հենց իմացել ենք, որ երեխեքին ազատ են արձակել, վեր ենք կացել Գյումրիից եկել եք Երեւան:  Շատ ուրախ ենք, ու բոլորից էլ շատ շնորհակալ ենք, թե կառավարությունից, թե ընդդիմությունից: Շատ շնորհակալ ենք, որ երեխեքին հետ բերեցին»:

Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները: