Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ինքն ստացել է մեծ նվեր՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ նր հակահայկական ռեժիմի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նրանք հաշվել են Նիկոլի ատամները, նրանք Նիկոլին հաղթել են եւ ռազմի դաշտում, եւ բանակցային սեղանին, եւ մարդկային տետ-ա-տետ հարաբերություններում: Ընդամենը հիշեք Ալիեւի վիրավորանքները, լակոտական պահվածքը, անձնական վիրավորանքները Նիկոլի հասցեին եւ հայկական կողմից  որեւէ պատասխան չկար: Ալիեւի համար կոմֆորտ է բանակցել Նիկոլի հետ, բանակցություն էլ չկա,  ինչ ասում են, պետք է ասի՝ հա: Մանավանդ, միջազգային հանրություն էլ ձեռքերը լվաց, ասեցին՝ դուք գնացեք առանց միջնորդների պայմանավորվեք: Այդ դեպքում Ալիեւը ինչո՞ւ պետք է հայկական որեւէ պայմանի համաձայնի: Ալիեւը հասնելու է իր ուզածին, քանի դեռ իր դիմաց նստած է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի 29 800 քկմ տարածքով Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կողմից ճանաչելուն, Շարմազանովն ասաց. «Ասենք, ճանաչեց: Դա՞ է մեր երազանքը: Բա եթե 29 800 էր, Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ ասում էր՝ 5+2: Դրա համար եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գերեզմանափորն է, որովհետեւ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքում արցախյան շարժումն է եղել»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը պատասխանատու է Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համար, ոչ Արցախի, ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ. «Բա եթե այդպես է, դու արդեն այդ Հայաստանից 15 հազար քկմ տվել ես»:

Ինչ վերաբերում է փաստարկին, որ իրավիճակն այսօր փոխվել է., նա արձագանքեց. «Ինչ է նշանակում իրավիճակը փոխվել է, դու քաղաքական գործի՞չ ես, թե քաղաքական տրանսգենդերիզմի ներկայացուցիչ: Կան կարմիր գծեր, իսկ Նիկոլ Փաշինյանի համար չկան կարմիր գծեր, չկան «իզմ»-էր: Վաղը կարո՞ղ է ասի՝ իրավիճակ է փոխվել, Երեւանը տվեք ինձ, մեկ էլ Իջեւանը, հերիք է»,- ասաց Շարմազանովը: