Ես ուզում եմ ցուցմունք տամ, մի քանի հարցեր ունեմ տուժողին, ինձ չեն թողնում, որ ասեմ իմ հարցերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, դատարանի միջանցքում NEWS.am-ի հետ զրույցում նշեց կացարանի հրդեհի գործով զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապը:

«Ասում է՝ պետք է տուժողը գա, բայց ես էլ եմ տուժող, 5 տարեկանից ես եմ էդ երեխային պահել: Իմ հարցերը շատ կոնկրետ են, որոնց պետք է կամ հա ասի, կամ՝ չէ: Դրանք իր խոսքերից են, մեղադրական եզրակացությունից վերցրած կետեր են, որոնք ինքը ասել է: Ուզում եմ տեսնել՝ ի՞նչ է պատասխանելու, բայց ինձ չեն թողնում խոսեմ: Ուրեմն մեկը, կամ դատախազը դատավորին ասել է, որ այսպես կանես, շատ չխորանաս: Գործն ընդհանրապես չի քննվում: Արդեն 4-րդ, 5-րդ նիստն է, դեռ չգիտենք ՝ ինչ են անում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ տուժողը դատարանում ասում է, որ շատ բան չի հիշում, զոհվածի պապն ասաց. «Որովհետեւ ուղղորդել են իրեն: Իրեն հասկացնում են, որ ասա՝ չգիտեմ, չեմ հիշում, բայց թե ով է զալից իրեն հասկացնում, ես դա չգիտեմ: Իրեն ասել են՝ մի ասա, որովհետեւ եթե ասի, կբացահայտվի: Տես, արդեն Փաշինյանն էլ է սուտ դուրս եկել իր առաջին ցուցմունքով: Ինքը չի տեսել Եղիշեի մոտ բենզին ու չի տեսել՝ ոնց են լցրել: Բայց Փաշինյանին զեկուցել են, որ բենզինով են վառել: Ողջ մնացած զինվորը՝ Լյովը, ասել է, չի տեսել Եղիշեի մոտ բենզին եւ չի տեսել բենզինի տարաներ:

Ես հարցեր ունեմ իրեն, թե որտեղ է եղել այդ ժամին, ում հետ է նստել: Եթե ինքը չի հիշում, ես փաստերով, մեղադրական եզրակացությունով կասեմ՝ երբ է ասել, ում հետ է ասել ու ինչպես է ասել: Ես ձայնագրություն ւնեմ, որ հրդեհը եղել է այս ժամին: Մի քանի ձայնագրություններ էլ կան»,-ասաց պապը:

Նա նաեւ նշեց, որ 00.40-ին է հրդեհը եղել, իսկ դրանից 5 րոպե առաջ նրանցից մեկը հեռախոսով խոսել է իր հարազատի հետ. «Այդ ո՞նց եղավ, որ 9 րոպեում երեխեքը մահացան, վառվեցին: Ուրեմն երեխեքին եկել տեռոր են արել, սպանել են, թե իրենք են արել, թե թուրքը, հետո որպեսզի շատ չխորանա, տվել, երեխեքին վառել են: Այդ ոնց է եղել, որ պոլերը չեն վառվել, երեխեքի ձեռքերն ու գլուխներն են վառվել: Ոնց որ նպատակով լցրել են ու վառել են երեխեքին: Ու մինչեւ դուրս գալը իրենք էլ են վառվել հետները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։