Դատաքննության ժամանալ լարվածությունը բնական է՝ հաշվի առնելով հանցագործության բնույթը. Ինչ վերաբերումէ  ծնողների դիրքորոշմանը, որ չեն հավատում առաջ քաշված վարկածին եւ առաջադրված մեղադրանքին, դա հայտնի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց կացարանի հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Դատաքննության ժամանակ ովագծվում, պարզ է դառնում, որ տուժողների եւ այս գործի շրջանակներում ողջ մնացած զինծառայողների ցուցմունքներում առկա են բազմաթիվ հակասություններ, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Անգամ նույն անձի նախաքննության եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում են առկա հակասություններ:

Ինձ համար անսպասելի էր մեղադրյալների՝ ինձ հետ հանդիպելու պատրաստակամությունը: Տեսնենք, թե ինչ տեղեկություններ են իրենք հաղորդում, որից հետո ես չեմ բացառում, որ կարող է շրջադարձային ինչ-որ բան տեղի ունենալ այս գործընթացում»,-ասաց Նորիկյանը:

Նա նկատեց, որ ակնհայտ է, որ տուժող Լեւոն Խառատյանը նախաքննության ընթացքում տվել է այլ ցուցմունքներ, իսկ հիմա բոլորովին այլ ցուցմունքներ է տալիս, որոնք իր կարծիքով էական ու առանցքային են:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։