Առաջին անգամ Հարավային Կովկասի մի երկիր (Վրաստան - խմբ.) Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներ ունի։ Այս մասին NEWS.am «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։
Նրա խոսքով՝ սա շատ կարեւոր քայլ է։
«Մյուս կողմից, սա շատ երկարաժամկետ գործընթաց է։ Օրինակ՝ Արևմտյան Բալկանների երկրներն արդեն 15 տարի է՝ սպասում են ԵՄ-ին անդամակցելուն»,- նշել է նա։
Նա կարծում է, որ Հայաստանի հետագա առաջխաղացումն արևմտյան վեկտորի երկայնքով, որն ընտրել են Երևանի նոր իշխանությունները, մեծապես կախված է այս ուղղությամբ Վրաստանի առաջընթացից։
«Կարծում եմ՝ փորձ կարվի ակտիվացնել հայ-վրացական հարաբերությունները։ Եվրամիությունը կփորձի նոր տնտեսական նախագծեր ներգրավել Հայաստանում: Կրկին սա շատ երկարաժամկետ խնդիր է: Եվրամիությունը դանդաղ է գործում, իսկ մյուս խաղացողները շատ ավելի արագ են գործում»,- ընդգծեց նա։











