Ադրբեջանից Թուրքիա ճանապարհ կա, և չի կարելի ասել, որ այն մեծապես օգտագործվում է, և Ադրբեջանից Թուրքիա էներգառեսուրսները հիանալի արտահանվում են՝ կրկին Վրաստանի տարածքով։ Այս ամենի համար Հայաստանը պետք չէ, ուստի Հայաստանի հարավով անցնող ճանապարհը քաղաքական նախագիծ է, ոչ թե տնտեսական։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա բացատրեց, որ Էրդողանի դիրքորոշումն Անկարայի տեսանկյունից այս առումով միանգամայն ռացիոնալ է. նա պետք է մուտք գործի Հարավային Կովկաս և այստեղից դուրս մղի մյուս խաղացողներին՝ պաշտոնական Բաքվի բացարձակ և ամբողջական աջակցությամբ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին փորձում է ամբողջ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Վրաստանը, վերածել մի սենդվիչի՝ մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Թուրքիայի (նկատի ունի Ադրբեջանին - խմբ.) միջև ճզմված։
«Այս տեսակետից Հայաստանի վրա ճնշումը լիովին ռացիոնալ է»,- հավելեց փորձագետը։
Իսկանդարյանը համոզված է, որ Ադրբեջանում ընտրություններ չեն լինելու։
«Ընտրությունների ժամանակ ընթացակարգը հայտնի է, բայց արդյունքը հայտնի չէ, իսկ Ադրբեջանում արդյունքներն արդեն հայտնի են։ Մեղք կլինի չօգտագործել այն հնարավորությունները, որոնք այժմ ունի Ալիևը։ Մեղք կլինի չանցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք ադրբեջանական համատեքստում հարթ կանցնեն»,- եզրափակեց նա։











