Եթե իր ժողովրդի մի հատվածն այնտեղ է եւ նրա իրավունքները խախտվում են, Հայաստանը պարտավոր է զբաղվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

«Ադրբեջանը հայտարարում է՝ ադրբեջանցիք պիտի վերադառնան Հայաստան, դա նշանակում է, որ ինքը խառնվում է մեր ներքին գործերին, երբ մենք ենք ասում՝ Ղարաբաղը պիտի վերցնենք, դառնում է՝ Ադրբեջանի ներքին գործերին ենք խառնվում․ ժողովուրդ, մի հատ սթափվեք, ինչի՞ց եք խոսում։ Ղարաբաղը դա Ադրբեջանի ներքին գործերին խառնվելը չէ։ Ադրբեջանի հետ համաձայնության գալն է Ղարաբաղի խնդիրը։ Եթե իր ժողովրդի մի հատվածն այնտեղ է, նրա իրավունքները խախտվում են, Հայաստանը պարտավոր է զբաղվել։ Դա ներքին գործերի հետ կապ չունի»,- ընդգծեց Բաբայանը։

Հարցին՝ Հայաստանն այս պայմաններում կարո՞ղ է ինքնուրույն խաղալ, Բաբայանը պատասխանեց․

«Մենք ոչ թե ուժով պետք է խաղաղացող դառնանք, այլ ուղեղով խաղանք։ Ադրբեջանցին եւ հայը պետք է հասկանան, որ իրենց 300 տարի խաղացնում են գերտերությունները, տարածաշրջանային պետությունները եւ իրար կոտորում։ Ադրբեջանցին եւ հայը պետք է դա գիտակցեն եւ ինքնուրույն լուծումներ գտնեն։ 300 տարի Թուրքիան ցանկանում է թափանցել Կովկաս, չի ստացվել, իսկ հիմա մտել է Կովկաս, դա Պարսկաստանը, թե՞ Ռուսաստանն է հանդուրժելու։ Արեւմուտքն ուզում է խնդիրը խաղաղ կարգավորել, ինչ է, մենք չե՞նք ուզում այդ խաղաղությունը, ամենաշատը մենք ենք ուզում այդ խաղաղությունը։ Եթե ուզում ենք մի խնդիր ափալ-թափալ խաղաղությունը կնքենք, որ ռուսական կողմից դուրս գանք, դուք ա՞յդ խնդիրն եք լուծում, հակառակը դա մեծ ազդեցություն է ունենալու, ամբողջ տարածաշրջանը խառնելու են, իրենց հարցերը լուծեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Պարսկաստանը։ Առաջարկում եմ, որ պարտվող կամ հաղթող չլինի, բոլորի հետ կարողանանք համագործակցել, խնդիրները լուծենք եւ խոսենք մեր շահերից։ Մենք չպետք է այդ խնդիրները փոխանցենք գալիք սերունդներին, սա հանցագործություն կլինի մեր կողմից։ Համարենք, որ վաղն այդ պայմանագիրը ստորագրել են։ Ձեզ թվում է՝ մեր հարեւանները ընդունո՞ւմ են այդ պայմանագրերը։ Հիմա էլ կռվում են՝ Վաշինգտոնո՞ւմ է ստորագրվելու, թե՞ Մոսկվայում։ Պետք է հասկանանք՝ Մեղրիով ճանապարհ տալո՞ւ ենք, այդ պայմանագրում լինելո՞ւ է դա․ չէ, որովհետեւ Իրանը համաձայն չէ»։

Անդրադառնալով հայկական կողմի՝ «Խաղաղության խաչմերուկի» առաջարկին՝ Սամվել Բաբայանն ասաց․ «Ինչ խաչմերուկ ուզում եք դրեք անունը․ այս պայմանագրով լինելո՞ւ է Մեղրիի ճանապարհ դեպի Միջերկրական ծով, իհարկե ոչ, չկա փաստաթղթում դա, որովհետեւ կան հարեւանների մի շարք խնդիրներ, որոնք թույլ չեն տալու, որ դա լինի։ Այդ պատճառով էլ մենք պետք է բանակցենք լուրջ փաստաթղթի շուրջ»։

Անդրադառնալով տարածաշրջանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությանը եւ հարցին, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից, Բաբայանը պատասխանեց․ «Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս չի գալու։ Այն ինչ խոսում է Արեւմուտքը, անիրատեսական է։ Մենք տեսնում ենք, որ մեր քաղաքականության մեջ մի խումբը խաղում է ռուսական դաշտում, մյուս խումբը՝ Արեւմուտքի դաշտում, եւ ոչ մեկը չի խաղում հայկական դաշտում, ոչ մեկ չի ասում՝ Հայաստանն ինչ պետք է անի, ինչպես պիտի լինի, ինչ գաղափարներ պիտի առաջ քաշի։ Ես ձեզ առաջարկում եմ երրորդ խաղացող, որը իրական է խաղալու՝ իր ազգային շահերից ելնելով, եւ համագործակցելու է բոլորի հետ»։

Հարցին՝ արդյո՞ք հիմա Հայաստանը վեկտոր է փոխում, Բաբայանն ասաց, որ չի կարծում, թե վեկտորի փոփոխություն լինի․ «Հիմա ֆիքսվել են խաղաղության պայմանագրի վրա, եւ դա համարում են, որ ունենալով այդ թուղթը գնում ենք խաղաղության։ Վեկտոր փոխելու համար մեծ ջանքեր են պետք, պետք չէ որեւիցե վեկտոր փոխել, պետք է ուղղակի պետության եւ տարածաշրջանի շահերից ելնելով համագործակցել բոլոր ուժերի եւ պետությունների հետ։ Ես չեմ գտնում, որ մեկի գրկից մյուսի գիրկը թռնել, դա կլինի Հայաստանի ամենամեծ սխալը»։