Ադրբեջանը վատ է տրամադրված, խաղաղության պայմանագիրը, գուցե, իրեն ձեռք չի տալիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Ադրբեջանը հասկանում է, որ դրանից կարող է Հայաստանի տնտեսությունը շատ արագ վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ ապահովել: Այդ ամենը նրանք շատ լավ վերլուծում են եւ, բնականաբար, ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարն այդպիսին լինի։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց, կամ այնպիսի պայմանագիր կնքելուց, որը հստակ երաշխավորված կլինի»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանի խոսքով, Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ ստորագրվելու դեպքում էլ նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ ստորագրվի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել. «Մենք դա տեսել ենք եւ դա թույլ չենք տալու: Ադրբեջանի ուզածով չէ, կա նաեւ միջազգային հանրություն, կա Արեւմուտք, կան բազմաթիվ երկրներ, շահագրգռվածություններ: Այսօր Ադրբեջանի վրա միջազգային դիվանագիտական ճնշումը բավականին մեծ է եւ Ադրբեջանին պետք է բերել կառուցողական դաշտ»,- ասաց պատգամավորը: