Ուզում են ժողովրդին խեղդեն, սովամահ անեն. Ոնց Ղարաբաղը տվին, տենց էլ Սեւանը տան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գավառից դուրս եկող ճանապարհին ձկնորսների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց նորատուսցի ձկնորսներից մեկը: Նրանք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ:

«Ուզում են Սեւանի ափին գտնվող ժողովրդին սովամահ անելով հանեն դուրս: Ոնց Ալիեւն արեց Ղարաբաղում, Փաշինյանն էլ Սեւանում է անում, որ հանգիստ տա Ալիեւին: Ալիեւն էլ էնտեղ ուրախանում է: Մինչեւ հիմա Ալիեւը մեր գյուղից վախենում էր, հիմա 100 տոկոս գալու է: Եթե մենք դուրս եկանք, Ալիեւը գալու է»,-ասաց նա:

Հարցին՝ Ալիեւն ի՞նչ գործ ունի ձկնագողության հետ, նորատուսցին պատասխանեց. «Մենք ձկնագող չենք, մենք ձկնորսներ ենք»:

Մեկ այլ ձկնորս էլ ասաց. «Հարկեր էլ ենք տալիս, լիցենզիա էլ ենք հանում: Մեկ կգ-ի համար վճարում ենք 128 դրամ, մտնում ենք ծով: Ո՞վ է տեսել երկու ամսով արգելեն ձկնորսությունը: Դու նախ քո ժողովրդին ապահովի աշխատանքով»:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Նորատուսի մոտ ձկնորսները դիմակներով լճի վրա ծեծել են պարեկներին, նրանց ուղղությամբ նետել են բենզինով շշեր և փայտեր։

ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝  Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։