Արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հաավային Կովկասի տարածաշրջան կբերի ավելի վտանգավոր մթնոլորտի, որովհետեւ մրցակցությունն է մեծանում, հակամարտությունն է խորանում եւ դրանից բոլոր երկրները տուժելու են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Փույա Հոսսեինին:

«Անվտանգության խնդիր կստեղծվի բոլորի համար: Հայաստանը եւ Հարվային Կովկասը չպետք է դառնան մեծ տերությունների մրցակցության դաշտ եւ հակամարտությունների վայր: Դա վտանգավոր է: Իրանը միշտ ասել է, որ տարածաշրջանի երկրները պետք է խնդիրները լուծեն, բայց նա նկատի չունի, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է լուծեն: Ինքը ավելի շատ նկատի ունի իրեն՝ Հայաստանի հետ համագործակցելով»,-ասաց նա:

Փույա Հոսսեինին նկատեց, որ  3+3 ֆորմատը միակն է, որտեղ Իրանը կարող է գործել բանակցությունների ընթացքում եւ ազդեցություն ունենա բանակցությունների վրա: «Իրանը մինչ օրս որեւէ բանակցությունների մեջ տեղ չի ունեցել, իսկ 3+3-ը միակ ֆորմատն է, որ Իրանը կարող է մուտք գործել բանակցային դաշտ:

«3+3»-ի ֆորմատով Իրանը այնպիսի քաղաքականություն է վարում, որ չի վնասում Հայաստանի շահերին: Իրանը փորձում է Հայաստանի թիկունքին կանգնել այդ ձեւաչափում, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ տարբեր ֆորմատներում բանակցությունները զուգահեռ գնում են եւ պարզ չէ, թե որ ֆորմատով խաղաղության պայմանագիրը կհաստատվի, ինչ տեսք այն կունենա, ում շահերը ավելի շատ կամրապնդվեն այդ պայմանագրի մեջ:

Բայց հստակ է, որ եթե Իրանի միջնորդությամբ լինի, Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային անձեռնմխելիության փոփոխություն տեղի չի ունենա»,-ասաց նա: