Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությանը պարտադրվում է խաղաղության պայմանագիր ստորագրել, դրա համար անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ:

«Կարող էին Ռոբերտ Քոչարյանին պարտադրել ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրել ռուսները, կարող էին ամերիկացիները ինչ-որ ձևով գրանտ տալու դիմաց նախկին իշխանություններին պարտադրեին: Մեզ ոչ մեկ ոչ մի բան չի կարող պարտադրել, մեզ վրա լծակ չունեն, պետք չէ, որ իրենք մեր ընտրությունները ճանաչեն, մեր գլուխը շոյեն, ասեն` լավ, դուք լեգիտիմ եք, շնորհավորական ուղերձ ուղարկեն:

Մենք այլևս ժողովրդավար երկիր ենք, իսկ ժողովրդավարական երկրին պարտադրել կարելի է միայն գրավելով կամ հարձակվելով, ուրիշ ձևով՝ քաղաքական առումով, մեզ վրա չեն կարող ազդեցություն ունենալ»: