Գործող իշխանությունը նախագահից խլում է բոլոր հնարավոր լիազորությունները։ Այս մասին դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ այդ փոփոխությունների, ԱԱԾ ղեկավարին կնշանակի ու պաշտոնանկ կանի ոչ թե նախագահը (վարչապետի առաջարկով), այլ հենց ինքը՝ վարչապետը։
«Այն, որ վարչապետը որպես քաղաքական գործիչ, պետք նշանակի ԱԱԾ պետին, որը սկզբունքորեն չպետք է ենթարկվի որևէ քաղաքական ազդեցության, ոչնչով չի կարելի արդարացնել։ Դրա համար էլ այդ իրավունքը վերապահվում էր նախագահին, որը, առնվազն օրենքով, նույնպես պետք է ապաքաղաքական լինի»,- ասել է Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի, ավելի վաղ կատարված մի քանի փոփոխություններ թույլ տվեցին ընդլայնել վարչապետի հնարավորությունները՝ ցանկացած անձի նշանակելու ցանկալի պաշտոնում: Ընդ որում՝ առանց մասնագիտական որակավորման։
«Եվ այս միտումը շարունակվում է։ Դուք նախագահին դաշնամուր նվագելուց բացի այլ լիազորություններ կթողնե՞ք։ Դուք նրան զրկեցիք գեներալական կոչումներ շնորհելու իրավունքից։ Հիմա էլ զրկում եք ԱԱԾ պետին նշանակելու իրավունքից։ Եթե նախագահի պաշտոնում ձեզ դուր չի գալիս այս կոնկրետ մարդը, փոխեք նրան: Ընտրեք մեկ ուրիշին, որն իրապես հավասարակշռություն կպահպանի իշխանության գործող թևերի միջև»,- ասել է պատգամավորը։











