Մեր ամեն օրվա մտածումը պիտի դառնա մեր ՏԱՆ վերականգնումը։ Այս մասին իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ինչքան էլ որ կենցաղը մեզ ստիպի մանր, փոքր բաների մասին մտածելու, մեր բնական պայմաններն ապահովելու, այդուհանդերձ, չի կարող մասնավոր կերպով ինչ-որ բան բարելավված լինել, եթե ընդհանուրը ավերակված է, դա անհնար է։

Օրինակը առաքյալը տալիս է․ չի՛ կարող ձեռքը ուրախանալ, եթե ոտքը և ամբողջ մարմինը կրակի մեջ է կամ ցավում է։

Եվ հետևաբար, մեր բոլոր մտածումների առանցքը ամեն գործի մեջ պետք է լինի մեր ընդհանրական պատվի, ուրախության, կյանքի և դրանով նվաճված հաղթանակների և խաղաղության վերականգնումը։

Անխաղաղ մարդն ամեն ինչ հոշոտող գազանի է նման։ Բայց ներսում հաղթանակած խաղաղություն ունեցող մարդն արարող և բարիք ստեղծող է։

Եվ ամեն օր՝ մեր քնելիս, թե արթնանալիս, ճանապարհ գնալիս, թե այլ գործերով զբաղվելիս, մեր մտածումն անընդհատ պիտի լինի ՎՐԵԺԻ զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով»։