ՀՀ իշխանությունները փորձել են ինչ-որ աջակցություն ստանալ, բայց վերջին գագաթնաժողովը ցույց տվեց, որ Եվրոպային ոչ Հայաստանն է պետք, ոչ Արցախը. Նրանց պետք է այստեղից ռուսներին դուրս հանել: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցյում նշեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
«Նրանք ամեն ինչ արեցին, որ ռուսների հետ հարաբերությունները փչացնեն, բայց ռուսները շատ կոշտ պատասխան տվեցին, ասացին՝ մենք դուրս եկողը չենք: Ռուսները կասեն՝ մենք ունենք պայմանագիր, որտեղ գրված է, որ եթե խնդիրներ են լինում, ստեղծում է համատեղ հանձնաժողով եւ այդ հարցն այնտեղ լուծվում է: Այսինքն Հայաստան, դու միանյակ չես կարող որոշել, իմ համաձայնությամբ պետք է անես: Այսինքն բազայի հարցերը փակվեցին, զորքը մնաց Ղարաբաղում, Եվրոպան տեսավ, որ իր ուզածին չի հասել եւ դժգոհ է արդեն Փաշինյանից: Վերջին գագաթնաժողովում Ուկրաինան իր բաժինը ստացավ, Մոլդովան ու Վրաստանը՝ իրենց բաժինը, Հայաստանում ընդամենը 100 լրտեսով ավելացավ ԵՄ առաքելությունը: Հայաստանը հայտարարում է, թե վեկտորը չի փոխում, Եվրոպան էլ պատասխանեց՝ եթե վեկտորը չես փոխում, դու մեզ պետք չես:
Դրա համար հիմա Փաշինյանը ստիպված պետք է գնա Ռուսաստան, փորձի լավացնել վիճակը, ինչը շատ-շատ դժվար է լինելու, որովհետեւ նման բաները չեն ներվում: Հատկապես, որ յստեղ կա նաեւ անձնական հարց: Հռոմի ստատուտին միանալով Հայաստանը վիրավորեց Ռուսաստանին: Ի՞նչ է նշանակում ասել՝ եթե դու գաս Հայաստան, ես քեզ չեմ ձերբակալի: Այսինքն բացատրությունն ու մեղմացման փորձերը շատ ավելի վիրավորական հնչեցին:
Այսինքն Փաշինյանը շատ բարդ վիճակում է, ուզած-չուզած պետք է գնա ՌԴ, որովհետեւ այլ տարբերակ չունի»,-ասաց Սուրեն Զոլյանը:
Նա նկատեց, որ Հայաստանը գնաց Ռուսաստանի դեմ առճակատման՝ դրա դիմաց ոչինչ չստանալով Արեւմուտքից:











