Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 3–ից 5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ասուլիսում հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Տեղումների քանակը կլինի նորմային մոտ, ինչը նշանակում է, որ մենք ունենալու ենք  անոմալ տաք և բավարար տեղումներով  հունվար։ Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության առանձին լեռնային գոտիներում  օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +5+9 աստիճանի»,- ասաց նա։

Նա նշեց, որ առաջիկա հինգ օրերին անոմալ տաք եղանակ է սպասվում։

«Օդի ջերմաստիճանը շարունակում է հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին այդ տաք հոսանքները չեն նահանջելու։ Մինչև հունվարի 6-ը ներառյալ գտնվելու ենք տաք ազդեցության գոտում, անոմալ ջերմային ֆոնդը պահպանվելու է հանարապետության ողջ տարածքում, լինելու է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա 5 օրերը կրկին կանցնեն առանց տեղումների և տաք։ Ուժեղ քամիներ, բուք հանրապետության տարածքում չենք սպասում»,-նշեց նա։