Իրանը կտրուկ քայլեր չի ձեռնարկի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Այդպիսի քայլ կարելի է համարել Իրանի հավանական կարգավիճակը՝ որպես Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման երաշխավոր։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա կարծում է, որ քանի դեռ Ռուսաստանը ներկայություն ունի տարածաշրջանում, Թեհրանը նման քայլերի չի գնա, առավել ևս, որ Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները զարգանում են։
Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան դեմ են Հարավային Կովկասում խնդիրների լուծմանը արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը՝ նկատի ունենալով Արևմուտքը:
«Թեհրանը հիանալի հասկանում է, որ ԵՄ դիտորդների գործունեությունն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, այլ կապված է իրանական զորքերի՝ Հայաստանի տարածք հնարավոր ներթափանցման վերահսկողության հետ։ Ակնհայտ է, որ այդ դիտորդները, ըստ էության, հետախույզներ են։ Քանի՞ անգամ են կանխել ադրբեջանական հարձակումները Հայաստանի դեմ։ Ոչ մի անգամ։
Եթե Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլանան, ապա Իրանը առաջին հերթին թիրախավորելու է այդ դիտորդներին, որպեսզի հասնի տարածաշրջանից նրանց դուրսբերմանը»,- հավելել է Կիվիրյանը։











