Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ջերմուկ քաղաքում հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ նախաճաշել են տղաների հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ֆորմալ ձևաչափով:
Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։
Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը կազմակերպվել է դեռևս սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպեսզի քննարկվեն զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաների բարձրացրած հարցերը:
Փաշինյանն ու պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տղաների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ:
Հարցերն առնչվել են հաշմանդամության խմբի սահմանման և խմբի փոփոխման գործընթացներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքներին։ Անդրադարձ է կատարվել նաև պրոթեզավորման գործընթացի կազմակերպմանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, կրթության կազմակերպմանը, զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։ Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։











