Մեր ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ եմ տեսնում, մասնավորապես դպրոցներում իրականացվող ծրագրերում: Այս մասին  այսօր՝ հունվարի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ դեպքերում գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ և գույքի որակի հետ կապված խոտանի հետ: Ձեզ մի օրինակ բերեմ, մենք դպրոցների մարզադահլիճների ծրագրեր ենք իրականացնում: Կառուցում ենք մարզադահլիճը ու արձանագրում ենք հետևյալը. այդ մարզադահլիճում կա բասկետբոլի վահանակ:

Բասկետբոլի վահանակը բասկետբոլի վահանակն է, չի կարող այնտեղ նմանեցված ինչ-որ բան կախված լինել, ցանկացած բան, որի վրա օղակ է, դա բասկետբոլի վահանակ չէ: Ընդ որում սեպտեմբերից ուր գնում եմ, նայում եմ ասում եմ այս վահանակը ոնց որ էն չի, բոլորն ասում են՝ չէ նորմալ է, այդպես էլ պետք է լինի, պետք չի շատ խորանալ պարոն վարչապետ: Բայց  հիմա արձանագրում ենք, որ մի քանի հազար դրամ այսկողմ այնկողմ անելու համար ինչ ասես բերում կախում են:

Կամ  գույք ենք ձեռք բերել , տվել ենք ֆիզկուլտուրայի դահլիճին, օրինակ վոլեյբոլի ցանց, բայց դահլիճում վոլեյբոլի գծանշում չկա: Մենք հիմա տասնյակ դպրոցների տվել ենք վոլեյբոլի ցանց, բայց մտնում  ես դահլիճ, ասում ես՝ բա ու՞ր է վոլեյբոլը: Սա անթույլատրելի է, տնայնագրծությունից պետք է դուրս գալ, ի վերջո պետական հաստատություն է:

Կամ Հաջորդը, տարել ենք, դրել ենք ֆուտբոլի դարպասներ, բայց մեր դարպասները ոչ թե ճակատային եզրագծի վրա են, այլ եզրագցից կես մետր առաջ: Այսինքն դարպասը դրված է ֆուտբոլի դաշտի մեջ, որովհետեւ հետեւը տեղ չկա: Տենց-տենց, կասեինք՝ երեխեք ջն, քարեր կդնեք, կխաղաք, ինչի՞ ենք պետական բյուջեից փող ծախսում:

Էլ չեմ ասում շվեդական պատերը, այցի ժամանակ գնում բռնում ենք, փուշ է մտնում մատներս, բա ենթադրվում է, որ երեխաները այնտեղ պետք է մարզվեն, գնում ենք կախիչին ձեռք ենք տալիս ընկնում է, որտեղ գնում ես,  ջուրը կաթում է:

Էլ չեմ ասում, որ ես 5 ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, զուգարանի պատուհանը ինչու է թափանցիկ պատից, դրա համար հատուկ գիտելիքնե՞ր է պետք ունենալ: «Դպրոցների մոտ կանաչ գոտիներ ենք նախատեսել: Ասում եմ՝ այստեղ ոռոգման ջուր հասնո՞ւմ է, ասում են՝ չէ: Բա ո՞նց է կանաչ գոտի լինելու: Ինչու պետք է վարչապետը գնա այդ ամենը տեսնի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում խորը նստած է «պրարաբային կուլտուրան»:

Վարչապետը հայտարարեց` կոմպրոմիսների չի գնալու, ամեն ինչ կունենա հետևանք:

«Շատ դառնացած եմ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա մարզպետներին հանձնարարեց նայել, թե ինչ է կատարվում:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը երեկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր բազմաթիվ խնդիրներ ու հայտարարել` «չեմ հանդուրժելու»:

Այսօր նա Արմեն Ղուլարյանին ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին ազատել է պաշտոններից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: