Միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։ Նրանք բողոքում են, որ ատեստավորման ժամանակ 50 տոկոսի շեմը հաղթահարած, բայց 60 տոկոսի շեմին չհասած բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին երրորդ անգամ հնարավորություն է տրվել ատեստավորում անցնել, իսկ իրենց այդ հնարավորությունը չի տրվել: 

Դեռեւս դեկտեմբերի 25-ին, ուսուցիչները եւս մեկ բողոքի ակցիա էին իրականացրել եւ նամակ հանձնել ԿԳՄՍ նախարարությանը, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել: 

«Մեզ տվել են նույն թեստերը, ինչ բարձրագույն ավարտածին, բայց մերը պետք է ուրիշ լիներ։ Դա հերիք չէ, նրանց երկրորդ անգամ էլ են թեստ հանձնելու հնարավորություն տալիս, եթե 50+ միավոր են հավաքել, իսկ մեզ այդ հնարավորությունը չեն տալիս»,- ակցիայի ժամանակ ասաց Վայոց Ձորի մարզի դպրոցներից մեկի տեխնոլոգիայի ուսուցչուհի Երանուհի Ալավերդյանը։

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շենքի մոտ հանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցներին եւ հիշեցրեց, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները աշխատանքից պետք է ազատվեին դեռ 2023-ի օգոստոսին, բայց նրանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն է տրվել։

Նրա խոսքով, միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին ատեստավորման երկրորդ հնարավորություն չի տրվել, որովհետև նրանց ատեստավորման հնարավորություն տալու որոշումը եղել է օրենքում անցումային դրույթ, որը նրանք պետք է հաղթահարեին առաջին անգամից։