2023թ. Հայաստանում ստացվել է հետընդունման 411 դիմում ԵՄ երկրներում անօրինաբար ապրող անձանց մասին։ Այս մասին Ազգային ժողովում, արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման մասին համաձայնագրի» իրականացման մասին արձանագրության վավերացման հարցի քննարկման ժամանակ, հունվարի 10-ին հայտնել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Հայկական կողմից 92,99 տոկոսով դրական պատասխան է տրվել։ «Սակայն դա չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է հետ ընդունել ԵՄ այս կամ այն երկրում անօրինաբար ապրող քաղաքացիներին»,- ավելացրել է Սարգսյանը։ Հակառակը, դա, նրա խոսքով, հաստատումն է այն բանի, որ շատ դեպքերում ԵՄ երկրներում կարող են գտնվել մարդիկ, որոնք հետընդունման ենթակա չեն։ Այդ պատճառով հետընդունման ենթակա չեղող անձինք Հայաստանի կառավարությունից դրական պատասխան չեն ստացել։

Հայաստանի քաղաքացիների հետընդունման մասին դիմումները, ինչպես նշել է փոխնախարարը, ամենից հաճախ ստացվում են Ավստրիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Լեհաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Նորվեգիայից, Դանիայից եւ Շվեյցարիայից։