Ուկրաինական «Ֆեմեն» շարժման ակտիվիստուհիները բողոքի ակցիա են կազմակերպել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի Փարիզում գտնվող բնակարանի մոտ, հաղորդում է EuroNews-ը:

Սկանդալային վարքով հայտնի ուկրաինացի ակտիվիստուհիները բացականչել են. «Ֆրանսիա, դուրս եկ, մերկացիր եւ հաղթիր»: Նրանք հայտարարել են, որ եկել են Ուկրաինայից, որպեսզի աջակցեն ֆրանսիացի կանանց:

ԱՄՀ նախկին ղեկավարը ոստիկանություն է կանչել, սակայն վերջիններս չեն շտապել միջամտել տեղի ունեցողին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստրոս-Կանը ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից հեռացվել է աղմկահարույց սեքս-սկանդալից հետո: Նյույորքյան Սոֆիթել հյուրանոցի սպասուհի Նաֆիսաթու Դիալոն նրան մեղադրել էր բռնաբարության փորձի մեջ:  Օգոստոսին Ստրոս-Կաննի վրայից հանեցին մեղադրանքը, եւ նա վերադարձավ Ֆրանսիա: Հայրենիքում նույն հանցագործության մեջ նրան մեղադրեց լրագրողուհի Տրիստան Բանոնը: Բայց այս դեպքում էլ ԱՄՀ-ի  նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կաննին հաջողվեց խուսափել քրեական պատասխանատվությունից: